Երեկ ՀՀԿ ԳՄ նիստը բացեց որոշ փակագծեր ԱԺ ընտրությունների առնչությամբ՝ ՀՀԿ-ն արդեն ունի իր ռեյտինգային ընտրացուցակը: Իհարկե, արվեցին նաև հայտարարություններ, որ կոչված էին բացատրել՝ ինչ սկզբունքով է ցուցակը կազմվել: Հայտարարությունները խորապես խոստումնալից էին՝ հակառակ ընտրացուցակի: Պարզվեց՝ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ականները մեկը մյուսի դեմ չեն մրցելու: «Սկզբունքը լինելու է հետևյալը՝ մենք բոլորս ու մեր թեկնածուները պայքարելու են հանուն նրա, որ ընտրությունները լինեն օրինակելի ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, որպեսզի ՀՀԿ-ն ստանա հնարավորինս շատ ձայն»,- ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հանրության դատին են ներկայացնելու իրենց թեկնածուներին ու ապացուցելու են, որ յուրաքանչյուր տարածքում իրենց ռեյտինգային ցուցակն ամենամրցունակն է:
Իսկ ցուցակն իրոք պրագմատիկ էր ու պատասխաններ էր տալիս այն կենսական հարցին, թե հաղթելու պարագայում ինչպես է կառավարելու ՀՀԿ-ն:
1. Կառավարելու է ինչպես առաջ: Ցուցակում շարված են նույն օլիգարխները, այսինքն՝ իշխանության և բիզնեսի սերտաճումը մնալու է, և ուրեմն՝ պահպանվելու է թե ստվերը, թե մրցակցություն չի լինելու, թե անիմաստ է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին: ՀՀԿ խոսնակի հակափաստարկը՝ «Ես չգիտեմ՝ ժողովուրդն ումից է գոհ, ումից է դժգոհ, դրա համար էլ կան տարածքային ու համապետական ցուցակներ, որպեսզի այդ 13 ցուցակներում տեսնեք, թե ժողովուրդն ում է վստահում, ում չի վստահում, յուրաքանչյուրը որքան ձայն է հավաքում», վատ խաղի ժամանակ լավ դիմակ պահել է, ու պետք չէ ձեռնպահ մնալու կոչ անել գնահատականներից: Գնահատականները իրենք են ընտրել:
2. ՀՀԿ ռեյտինգային ցուցակում նախկին ԲՀԿ-ականների ներկայությունը Էդուարդ Շարմազանովը չի բացատրել, ասել է. «ԲՀԿ-ում էլ կան մարդիկ, ովքեր եղել են նախկին ՀՀԿ-ականներ։ Նորմալ է, քաղաքական կյանք է, յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես տնօրինել իր քաղաքական ճակատագիրը»: ՈՒ չի մոռացել հավելել, որ ըստ հարցումների՝ ՀՀԿ-ն ընտրությունների բացահայտ ֆավորիտն է: Հարցումները այնքան անհուսալի են մեր օրերում:
3. ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է կուսակցության նախընտրական ծրագիրը՝ «Ծրագիրը հիմնականում պատրաստ է, ամբողջությամբ պատրաստ կլինի չորեքշաբթի-հինգշաբթի օրերին»: Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ ծրագրի հիմքը լինելու է անվտանգության զարգացումն ու ամրապնդումը, տնտեսական առաջընթացի ապահովումը, ժողովրդավարության զարգացումը: Ինքնին հասկանալի է, բայց՝ ինչպե՞ս: «Հայաստանը պետք է շարունակի իր դաշնակցային հարաբերությունը ՌԴ-ի հետ ՀԱՊԿ-ում, շարունակի իր երկխոսությունն ԱՄՆ-ի հետ, Եվրոպական միության հետ, հարևան երկրների հետ», այսինքն՝ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն, հավելում, ճշտում նույնպես չի արվելու Եթե արվի էլ՝ հանուն տպավորության, բայց ոչ իրականության մեջ:
4. ՀՀԿ ռեյտինգային ցուցակը զարդարում են ոչ միայն օլիգարխներն ու ԲՀԿ-ականները, այլև ականավոր ՀՀԿ-ականների զավակներն ու զարմուհիները, գործնականում ՀՀԿ-ում այդպես են պատկերացնում էլիտայի փոփոխությունը:
5. Իսկ որ ցուցակում չէ Մհեր Սեդրակյանը, դա դեռ չի նշանակում, որ ՀՀԿ-ն ձերբազատվում է թաղային հեղինակություններից, որոնեք ցուցակը, որքան ուզեք՝ կգտնեք:
6. «Այդ 13 տարածքային ցուցակներում ներառված են ԱԺ պատգամավորներ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, մտավորականներ, բժիշկներ, գործարարներ, մտավորականներ, երիտասարդներ, կանայք»՝ բացատրել է Էդուարդ Շարմազանովը: ՈՒշադրություն դարձրեք հերթականությանը՝ տղամարդկանց պահպանողական կուսակցություն է ՀՀԿ-ն, որ թվարկում է բոլորին ու վերջում՝ կանանց:
7. Իսկ Մանվել Գրիգորյանի բացակայությունը ՀՀԿ-ն պարզապես չի բացատրում, գուցե նա մյո՞ւս ցուցակում է, որի մասին ոչ ոք չգիտի ոչինչ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կլինի՞ ցուցակում վարչապետ Կարեն Կարապետյանը հարցին՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ցուցակը վերջնական կքննարկվի չորեքշաբթի երեկոյան, օրենքով սահմանված ժամկետում կներկայացնենք»: Փաստորեն «նոր ոգու» ու «սիմվոլի» խնդիրը դեռ չի պարզվել:
Միով բանիվ՝ ՀՀԿ-ում նույնպես խառն են, միակ որոշակիությունը, որ ոչինչ ՀՀԿ-ն մտադիր չէ փոխել, իհարկե, կլինեն հակառակը հիմնավորող հայտարարություններ, հարցազրույցներ ու խոստումներ: ՈՒ՝ այդպես արդեն երկրորդ տասնամյակն է: